14 հունվարի 2019 - 14:52 AMT
Մանվել Գրիգորյանին գրավով ազատելու որոշման դեմ բողոքի քննությունը վերսկսվել է

Վերաքննիչ քրեական դատարանում վերսկսվել է Մանվել Գրիգորյանի նկատմամբ գրավ կիրառելու` առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը։

Շենքի դիմաց հավաքված են մարդիկ, որոնք բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով կալանավորել Գրիգորյանին, հայտնում է Yerkir.am-ը:

Շենքի մոտ են հավաքվել նաև մի մի խումբ փաստաբաններ՝ Փաստաբանների պալատի նախագահի գլխավորությամբ: Նրանք իրենց աջակցությունն են հայտնում Մանվել Գրիգորյանի պաշտպանին:

2018 թ. դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է ընդունել փոխել ԱԺ նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորական միության վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը: Որպես խափանման միջոց դատարանը որոշել է կիրառել գրավը՝ 25 մլն դրամի չափով:

Գրիգորյանը ձերբակալվել էր 2018-ի հունիսից, երբ ԱԱԾ-ն ցուցադրեց իրեն պատկանող առանձնատներում պահվող մեծաքանակ զենք-զինամթերքը, զինվորական հանդերձանքը, սնունդը, այդ թվում՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ բանակ ուղարկված օգնություն։

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: