14 հունվարի 2019 - 15:17 AMT
Միրզոյան. Բացակայած պատգամավորների «բժշկի թղթերը» կարող են ուսումնասիրվել

ԱԺ նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է պատգամավորների անհիմն բացակայությունների՝ նախկինում գոյություն ունեցող բացասական պրակտիկային:

«Պետք է հստակեցնել, թե որն է համարվում պատգամավորի հարգելի բացակայություն, զանազան թղթեր, ինչու ոչ, կարող են ուսումնասիրվել, եթե այլ պատգամավորների մոտ կասկածներ կծագեն նրա ներկայացրած, այսպես ասած, «բժշկի թղթի» հավաստիության վերաբերյալ. այդպիսի տեղեկանքները կարող են նաև փորձաքննվել», - ասել է Միրզոյանը:

Նա նշել է, որ բոլոր պատգամավորներն անխտիր պետք է հարգանք դրսևորեն ևս օրենսդիր մարմնի, և իրենց ընտրողների նկատմամբ:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն ընտրվել է խորհրդարանի նախագահի պաշտոնում:

ԱԺ նախագահի գաղտնի քվեարկությանը մասնակցել են խորհրդարանի բոլոր՝ 132 պատգամավորները: Միրզոյանի օգտին կողմ է քվեարկել 131 պատգամավոր, 1 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: