14 հունվարի 2019 - 16:18 AMT
«Իմ քայլի» պատգամավորները Էնֆիաջյանին հիշեցրել են կեղծ հաշիվների և դիտորդների ասուլիսը խանգարելու մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության՝ խորհրդարանի ընդդիմադիր փոխխոսնակի թեկնածու Վահե Էնֆիաջյանին հիշեցրել է «Անկախ դիտորդ» դաշինքի մամուլի ասուլիսը խոչընդոտելու փոձերի մասին:

2018 թվականին սեպտեմբեր 22-ի՝ Երևանի ավագանու ընտրությունների նախորդ օրը, պատգամավորն իր համախոհների հետ ներխուժել էր «Մամուլի կենտրոն», որտեղ ուղիղ եթերով հեռարձակվում էր «Անկախ դիտորդ» դաշինքի ասուլիսը. դրա ըթացքում դիտորդները ներկայացնում էր Ավագանու ընտրություններին մասնակցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից թույլ տված ընտրախախտումները:

Ղազարյանը հետաքրքրվել է, թե արդյոք Էնֆիաջյանը՝ որպես օրենսդիր մարմինը ներկայացնող գործիչ, դարձյալ փորձելու է միջամտել այն ասուլիսներին, արտեղ կհնչեն իր համար ոչ ականջահաճո հայտարարություններ:

Ի պատասխան, Էնֆիաջյանն ասել է, որ իր համախոհների հետ ստիպված են եղել միջամտել ասուլիսին, քանի որ այդ օրը լռության օր էր հայտարարվել, իսկ ասուլիսի բանախոսները հակաքարոզչություն էին իրականացնում՝ ընդդեմ ԲՀԿ-ի ավագանու թեկնածուների:

«Իմ քայլից» մեկ այլ պատգամավոր Սարգիս Խանդանյանն անդրադարձել է Էնֆիաջյանի հետ կապվող սոցցանցային կեղծ հաշիվներին:

Ավելի վաղ «Փաստերի ստուգման հարթակը» հրապարակում էր արել, որտեղ նվում էր, որ ֆեյսբուքյան հարյուրավոր կեղծ հաշիվներ փորձել են ազդեցություն ունենալ հանրային կարծիքի վրա, և որ դրանք համակարգել է անձամբ Էնֆիաջյանը:

«Մամուլում պարբերաբար են նման հրապարակումներ լինում, այդ թվում՝ «Իմ քայլը» դաշինքի վերաբերյալ: Վստահեցնում են, որ իմ կողմից կեղծ հաշիվների համակարգում և ուղղորդում տեղի չի ունեցել», - պատասխանել է նա:

Հունվարի 14-ին մեկնարկել է ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը: