14 հունվարի 2019 - 17:02 AMT
Պենտագոնում մտավախություն ունեն՝ Բոլթոնը բաձրացնում է Իրանի հետ բախման վտանգը

Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաները մտավախություն ունեն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի գործողությունները բաձրացնում են Իրանի Իսլամական Հանրապետության վրա հարձակման հասցնելու հավանականությունը, գրում է The New York Times-ը:

Երկրի պաշտպանության նախարարի և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի փոխանցմամբ, 2018 թվականին Բոլթոնի հրահանգով ԱՄՆ անվտանգության խորհուրդը դիմել է Պենտագոնին՝ Սպիտակ տանը տրամադրելու Իրանի վրա հարձակման հնարավորությունների մասին տվյալներ:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում անդրադառնալով ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Իրանի շուրջ «օղակը սեղմելու» մասին հայտարարությանը, ասել է, որ վերջինիս հետ հանդիպմանն ասել է, որ Իրանի և Վրաստանի հետ ՀՀ-ի առանձնահատուկ հարաբերությունները դուրս են աշխարհաքաղաքական որևէ ազդեցությունից:

Բոլթոնը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ շնորհավորելով վերջինիս Հայաստանում խաղաղ ժողովրդավարական անցումը հաջողությամբ առաջնորդելու համար, ասել էր ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ նոր կառավարության ջանքերին: Հայկական ԶԼՄ-ների հետ հանդիպմանը Բոլթոնը ասել էր, որ առաջարկել է Փաշինյանին ԱՄՆ-ից զենք գնելու հնարավորությունը դիտարկել:

Նա նաև խոսել էր Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներից և դրա շուրջ «օղակը սեղմելուց»: