14 հունվարի 2019 - 17:53 AMT
Աղաջանովա. Արսեն Թորոսյանը եկել էր դժվար պահին սատարելու

Տեղեկությունները, թե առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն Աղաջանովների ընտանիքին հորդորել է դադարեցնել բժիշկների ստորագրահավաքը, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին հունվարի 14-ին Մհեր Ենոքյանի հնարավոր ներման դեմ ուղղված բողոքի ցույցի ժամանակ հայտարարել է 1996թ. սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովան, հայտնում է «Առավոտը»:

«Նա երեկ մեր տանն է եղել: Ուղղակի եկել էր իր դասախոսին (սպանվածի հորը՝ Միխայիլ Աղաջանովին) տեսնելու և դժվար պահին սատարելու, ասելու համար, որ ինքը մեր կողքին է»,-հայտնել է Ելենա Աղաջանովան:

«Բողոքի ցույցի և քաղաքականության մասին ոչ մի խոսակցություն չի եղել: Շնորհակալ եմ, որ նա այցելեց, այլ բան չի եղել իր կողմից»,- հավելեց Ելենա Աղաջանովան՝ անդրադառնալով Թորոսյանի հետ հանդիպմանը:

Աղաջանովան տեղեկացրել է, որ գիտական համայնքի ներկայացուցիչներն արդեն հազարից ավելի ստորագրություն են հավաքել՝ պահանջով, որպեսզի ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանին պետության կողմից ներում չշնորհվի: Մոտ երեք հազար ստորագրություն էլ էլեկտրոնային տարբերակով է ուղարկված:

Դաժան սպանության համար ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու դեմ կառավարության դիմաց բողոքի ակցիա է անցկացվել։ Ակցիայի մասնակիցների թվում էին սպանվածի ընտանիքի հարազատները, ընկերները, նրա ընտանիքի անդամների գործընկերները, Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողներ, քաղաքացիներ:

Ավելի վաղ համացանցում լուրեր շրջանառվեցին, որ ՀՀ ներման հանձնաժողովը՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ, դրական եզրակացություն է տվել ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրագրին:

Ներում շնորհելու կամ մերժելու հրմանագիրը ստորագրում է ՀՀ նախագահը: Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ ՀՀ նախագահը Ենոքյանին ներում շնորհելու միջնորդություն չի ստացել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից: