15 հունվարի 2019 - 10:36 AMT
Բակո Սահակյանը շնորհավորել է ՀՀ վարչապետին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 14-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Մեծարգո՛ Նիկոլ Վովայի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ։

Հուսով եմ, որ, վերստանձնելով այս բարձր ու պատասխանատու պաշտոնը, Դուք և Ձեր ղեկավարած կառավարությունը կշարունակեք անել հնարավորը ՀՀ զարգացման, երկրի ու ժողովրդի պաշտպանունակության ու անվտանգության համակարգի զորացման, տնտեսական առաջընթացի ապահովման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ընդլայնման ու խորացման ուղղությամբ»,-հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Սահակյանը համոզվածություն է հայտնել, որ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները համատեղ ուժերով հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության աստիճանը շարունակաբար բարձրացնելու և համընդհանուր խնդիրները լուծելու ուղղությամբ:

«Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ»,-ասվում է ուղերձում։