15 հունվարի 2019 - 14:58 AMT
ԱԺ մշտական հանձնաժողովները կարող են ավելանալ 2-ով

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկել է ավելացնել ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը և ստեղծել 11 մշտական հանձնաժողով՝ նախորդ գումարման խորհրդարանում գործած 9 մշտական հանձնաժողովների փոխարեն: Այդ մասին ԱԺ նիստում նախագիծը ներկայացնելիս հայտարարել է «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Նոր ձևավորվող հանձնաժողովները կլինեն Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը և Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը:

Ըստ Վարդանյանի, Տարածաշրջանային ինտեգրման հանձնաժողովի ստեղծումը, պայմանավորված է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ:

Մարդու իրավունքների և հանրային հարցերի, ինչպես նաև Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների ղեկավարումը կվստահվի «Բարգավաճ Հայաստանին», իսկ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը՝ «Լուսավոր Հայաստանին»: