17 հունվարի 2019 - 15:08 AMT
«Արմենալի» արտադրանքի արտահանումն ԱՄՆ խոչընդոտող օրենքն առայժմ չի երկարացվել

«Արմենալի» արտադրանքի արտահանումն ԱՄՆ խոչընդոտող օրենքն առայժմ չի երկարացվել: ԱՄՆ դեմոկրատներին չի հաջողվել ուժի մեջ թողնել ռուսաստանցի գործարար Օլեգ Դերիպասկայի En+, ալյումին արտադրող UC Rusal («Ռուսալ») և «Եվրոսիբէներգո» ԲԲԸ դեմ գործող պատժամիջոցները: Հանրապետականների մեծ մասը հավանություն է տվել սահմանափակումները չեղարկող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պլանին:

UC Rusal («Ռուսալ») Ընկերությունը Հայաստանում ալյումինե փայլաթիթեղ արտադրող «Արմենալ» ընկերության մայր ձեռնարկությունն է։ Գործարանի արտադրանքը կազմում է ՀՀ արտահանման մոտ 5%-ը: 2017 թվականին այն արտադրել է 33,700 տոննա ալյումինի փայլաթիթեղ, հիմնականում՝ ԱՄՆ և Հյուսիսային Եվրոպա։ Համաձայն ընկերության հաշվետվության մեջ ներկայացված տվյալների՝ նախորդ տարի ընկերության համախառն եկամուտը 2016 թվականի համեմատ աճել է 67,5%-ով՝ հասնելով մինչև 6.031 մլրդ դրամի կամ մոտ $12.5 մլն–ի:

Սպիտակ տան ծրագիրը դատապարտող բանաձևի օգտին քվեարկել է 57 սենատոր, 42-ը դեմ է եղել: Բանաձևի ընդունման համար պահանջվում էր 60 ձայն: Հանրապետականները, որոնք հիմնականում հակված են սատարելու Թրամփի նախաձեռնություններին, փոքր առավելություն ունեն պալատում՝ 53 տեղ դեմոկրատների 47-ի դիմաց, գրում է BBC-ին:

«Ռուսալի» արժեթղթերը Հոնկոնգի բորսայում աճում են 5,71%-ով՝ ներդրողները կարծում են, որ ԱՄՆ-ն այնուամենայնիվ դուրս կբերի ընկերությունները պատժամիջոցների տակից: Որպեսզի ծրագիրը չեղարկվի և ընկերությունների դեմ պատժամիջոցներն ուժի մեջ մնան, այն դատապարտող բանաձևը պետք է անցնի Կոնգրեսի երկու պալատով: Ստորին պալատում, որտեղ քվեարկություն դեռ չի եղել, ի տարբերություն Սենատի, մեծամասնություն են կազմում դեմոկրատները, որոնք հիմնականում կողմ են ՌԴ դեմ պատժամիջոցներին և կասկածանքով են վերաբերվում դրանք թուլացնելու բոլոր փորձերին:

2018 թվականի ապրիլից Օլեգ Դերիպասկան և նրա ընկերությունները՝ այդ թվում ալյումին արտադրող ռուսաստանյան խոշորագույն ընկերություն «Ռուսալը», հայտնվել են ամերիկյան պատժամիջոցների տակ, ինչն էապես դժվարեցրել, երբեմն էլ՝ անհնար է դարձրել նրանց կողմից միջազգային առևտուրի իրականացումը։

Արդեն սեպտեմբերին միջազգային լրատվամիջոցները գրեցին, որ «Ռուսալի» կազմի մեջ մտնող՝ Հայաստանում ալյումինե փայլաթիթեղ արտադրող «Արմենալը» ամերիկյան պատժամիջոցների հետևանքով կրճատել է արտադրությունը: Նշվում է, որ պատժամիջոցները կարող են հանգեցնել կրճատումների, ընդհուպ մինչև պարապուրդի մատնել գործարանը:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից PanARMENIAN.Net ին տեղեկացրել էին, որ կառավարությունը ձեռնարկում է քայլեր ընկերության արտահանման աշխարհագրությունը բազմազանեցնելու և ԱՄՆ արտահանվող ապրանքն այլ երկրներում իրացնելու ուղղությամբ: Բացի այդ, Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ասել է, որ ընթանում են քննարկումներ՝ հայկական արտադրանքի հանդեպ պատժամիջոցների ռեժիմի չկիրառման վերաբերյալ։