17 հունվարի 2019 - 10:55 AMT
Աշոտյանն «անհապաղ պատասխան է պահանջում» ԱԳՆ-ից՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից

ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հունվարի 16-ին տեղի ունեցած Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարի և Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպման մասին տարածված հաղորդագրությունը տարակուսանք է առաջացնում։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀԿ ԳՄ անդամ, 6-րդ գումարման ԱԺ-ում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ անհապաղ պատասխան պահանջելով ՀՀ վարչապետից և ԱԳ նախարարի պաշտոնակատարից ծագած հարցերի վերաբերյալ:

Նշվում է, որ շուրջ 4 ժամ տևած բանակցությունները ավարտվել են մի տեքստով, որն ակնհայտորեն փոխհամաձայնեցված է երկու երկրների միջև, գրեթե նույնական արտգործնախարարությունների կայքերում և անհասկանալիորեն լավատեսական է։

«Հայաստանի վարչապետից և ԱԳ նախարարից անհապաղ պահանջում եմ հետևյալ հարցերի պատասխանը՝

1. Հակամարտության կարգավորման ի՞նչ սկզբունքների շուրջ է տեղի ունեցել տվյալ հանդիպումը։

2. Ո՞ր հիմքի վրա է անդրադարձ կատարվել հաղորդագրության մեջ նշված «ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու, անվտանգության ու տարածաշրջանային կայուն զարգացման» հարցերին։

3. Ադրբեջանի կողմից ինչպիսի՞ փոխզիջումների մասին է խոսք գնացել հանդիպման ընթացքում։

4. Քննարկվե՞լ է արդյոք Նիկոլ Փաշինյանի խոստումը Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու մասին և ի՞նչ արդյունքով։

5. Անդրադարձ կատարվե՞լ է արդյոք Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավովածություններին»,-ասվում է գրառման մեջ։

Հունվարի 16-ին Փարիզում ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման ընթացքում քննարկվել է խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանն առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, տեղի է ունեցել մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված էր նաև առավել լայն փոխըմբռնման և փոխվստահության հաստատմանը:

Հանդիպումը տևել է ավելի քան չորս ժամ։