18 հունվարի 2019 - 12:30 AMT
ՊՆ-ում հայ-չինական ռազմատեխնիկական գործակցության հարցեր են քննարկել

Հունվարի 14-18-ը Հայաստանում էր Չինաստանի «Բեյջինգ Դեֆենս» ընկերության պատվիրակությունը` հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցության հարցերի քննարկման նպատակով:

Այցի շրջանակում կայացել են չինական պատվիրակության հանդիպումները ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության պետերի, Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի հետ:

Պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Բեյջինգ Դեֆենս» ընկերության` խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների համապատասխան հանդերձավորման, ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման սարքերի մատակարարման հնարավորությունները, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

ՉԺՀ պատվիրակությունն այցելել է նաև «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ և ԶՈՒ խաղաղապահ ուժերի բրիգադ:

2018-ի հուլիսին ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները Չինաստանում քննարկել են ռազմատեխնիկական գործակցության հարցեր:Ավելի վաղ՝ 2017 թվականի ապրիլին, ստորագրվել է հայ-չինական ռազմական գործակցության ծրագիրը: