8 հուլիսի 2008 - 15:40 AMT
ԵՄ-ում իր նախագահության ժամանակ Ֆրանսիան կխորացնի Եվրոպական հարեւանության քաղաքականությունը
«Եվրամիությունում իր նախագահության շրջանում Ֆրանսիան իր առջեւ տարբեր խնդիրներ է դրել, սակայն հիմնական առաջնայնություններն են` պայքարը կլիմայական փոփոխությունների դեմ էներգետիկ քաղաքականության միջոցով, միգրացիայի, Եվրոպայի անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության ոլորտներում, ինչպես նաեւ համաեվրոպական գյուղատնտեսության քաղաքականության մեջ:

Այս եւ մնացած բոլոր հարցերը կլինեն ԵՄ-ում Ֆրանսիայի նախագահության օրակարգում,-այսօր հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Ըստ ֆրանսիացի դիվանագետի, Ֆրանսիան չի սահմանափակվի միայն այդ խնդիրներով: Նախագահության շրջանում պաշտոնական Փարիզը կաշխատի նաեւ Լիսաբոնի համաձայնագրի նախագծի իրականացման ուղղությամբ, տնտեսական աճի եւ զբաղվածության, Միջերկրական պետությունների միության ընդլայնման, արտակարգ եւ ճգնաժամային իրավիճակների ոլորտներում»,-ասել է Սերժ Սմեսովը:

Ներկայիս ինստիտուցիոնալ պայմաններում ԵՄ Խորհրդում յուրաքանչյուր 6 ամիսը մեկ նախագահությունն անցնում է Եվրամիության անդամ երկրներից մեկին: Հուլիսի 1-ից-դեկտեմբերի 31-ը ԵՄ-ում կնախագահի Ֆրանսիան, որը ստանձնում է այդ դերն արդեն 12-րդ անգամ: Ֆրանսիայից նախագահությունը ԵՄ-ում կանցնի Չեխիային, հետո` Շվեդիային: