18 հունվարի 2019 - 14:41 AMT
Մանվել Գրիգորյանի գործով դատավորին ինքնաբացարկի միջնորդությունը կրկին մերժվել է

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմի՝ դատավոր Արսեն Նիկողոսյանին հայտնած ինքնաբացարկի երկրորդ միջնորդությունը, հայտնում է Aysor.am-ը։

Պաշտպանական կողմը հունվարի 17-ին էր ներկայացրել երկրորդ միջնորդությունը, ինչի պատճառով էլ հետաձգվել էր Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ Գլխավոր դատախազության բողոքի քննությունը:

Դեկտեմբերի 21-ին Մանվել Գրիգորյանը 25 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկից, սակայն, ըստ գլխավոր դատախազության, Գրիգորյանը պետք է մնա կալանքի տակ։ Ըստ այդմ, դատախազությունը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ վերաքննիչ ատյան բողոք էր ներկայացրել։

Մանվել Գրիգորյանը ձերբակալվել էր 2018-ի հունիսից, երբ ԱԱԾ-ն ցուցադրեց իրեն պատկանող առանձնատներում պահվող մեծաքանակ զենք-զինամթերքը, զինվորական հանդերձանքը, սնունդը, այդ թվում՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ բանակ ուղարկված օգնություն։

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: