18 հունվարի 2019 - 15:21 AMT
«Մեկ քայլ առաջ». ԱԺ հանձնաժողովների նախագահներն ընտրվել են

Ազգային ժողովի 11 մշտական հանձնաժողովի նախագահները հայտնի են. դրանցից 8-ը կղեկավարեն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, 2-ը՝ «Բարգավաճ Հայաստանինը», և 1-ը՝ «Լուսավոր Հայաստանինը»։

Հաշվիչ հանձանախմբի ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, նախքան արդյունքները հրապարակելը, կատակել է, որ հանձնախմբում արձանագրել են՝ «այս ընտրությունները մեկ քայլ առաջ էին»:

«Իմ քայլից» պատգամավոր Նարեկ Զեյնալյանը կգլխավորի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովը՝ Ռուբեն Ռուբինյանը, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովը՝ Մխիթար Հայրապետյանը, եվրոպական ինտեգրման հանձնաժողովը՝ Արման Եղոյանը, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը՝ Անդրանիկ Քոչարյանը, պետաիրավական հարցերի հանձնաժողովը՝ Վլադիմիր Վարդանյանը, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովը՝ Վարազդատ Կարապետյանը, տնտեսական հարցերի հանձնաժողովի՝ Բաբկեն Թունյանը։

«Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչներից Նաիրա Զոհրաբյանն ընտրվել է մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, Միքայել Մելքումյանը՝ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ:

«Լուսավոր Հայաստանից» Մանե Թանդիլյանը կղեկավարի ֆինանսաբյուջետային հանձնաժողովը:

Ավելի վաղ ՀՀ ԱԺ փոխխոսնակներ են ընտրվել «Իմ քայլից» Լենա Նազարյանը և Ալեն Սիմոնյանը, «Բարգավաճ Հայաստանից»՝ Վահե Էնֆիաջյանը: