19 հունվարի 2019 - 12:08 AMT
Թրամփը Փաշինյանին․ ԼՂ հակամարտության կարգավորումը կնպաստի ԱՄՆ հետ կապերին, ու կոռուպցիայի դեմ պայքարին

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Հարգելի պարոն վարչապետ, շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու և 2018 թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում Ձեր դաշինքի հաջողության կապակցությամբ: Միացյալ Նահանգներն աջակցում է բարգավաճ, ժողովրդավարական և հարևանների հետ խաղաղ գոյակցող Հայաստանին», -մասնավորապես նշվում է ուղերձում։

Թրամփն ասել է նաև, որ միասին կարող են առաջընթաց արձանագրել երկու երկրի միջև առևտրատնտեսական կապերի խորացման, համաշխարհային անվտանգության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի գործում:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի այդ ջանքերին: Իմ լավագույն մաղթանքներն եմ հղում Ձեզ և Հայաստանի ժողովրդին», - եզրափակել է ԱՄՆ նախագահը։