Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չպետք է վերածվեն նախարարությունների և ունենան քաղաքական ուղղվածություն: Այդ մասին հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Նա հավելել է, որ «Իմ քայլը» դաշինքը դեռ չի քննարկել հարցը, հայտնում է Aysor.am-ը:
«Խորհրդարանը պետք է ունենա վերահսկողություն այդ կառույցների նկատմամբ: Խորհրդարանն այսօր ունի այդ լծակները: Եթե փորձում ենք ավելի հաշվետու դարձնել այդ կառույցները, պետք է խմբակցությունների հետ գտնել այդ ձևաչափը», - նշել է Մակունցը:
Այն դիտարկմանը, թե դրանք վարչապետի, թե կառավարության վերահսկողության տակ պիտի լինեն՝ Մակունցն ասել է, որ չի կարող հանպատրաստից այդ մասին կարծիք հայտնել:
«Արդեն նշեցի, որ «Իմ քայլում» պաշտոնական քննարկումներ չեն եղել, չեմ ուզում այսպես կարծիք հայտնել այս մասին», - նշել է նա:
Ավելի վաղ Ազգային ժողովում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Կառավարության կառուցվածքիշուրջ այս պահին ինտենսիվ քննարկումներ են ընթանում և՛ գործադիրում, և՛ օրենսդիր մարմնում։ Ինչ վերաբերում է ոստիկանությունն ու ԱԱԾ-ն նախարարությունների վերածելու մասին խոսակցություններին, Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ սխալ է համարում նման փոփոխությունն ու դրանց քաղաքականացումը։