Հայաստանի և Վրաստանի ավանդական ուտեստները, որոնք հայտնի են իրենց բուրումնավետ համեմունքներով, իդեալական են ծանոթանալու համար այդ տարածաշրջանի մշակույթին: Այդ մասին գրում է Forbes-ը, նշելով նաև, որ խոհարարական շրջագայությունը կարող է այդ երկրների ուսումնասիրության լավագույն տարբերակը լինել:
Ըստ հոդվածագրի, տարածաշրջանը միաժամանակ բարդ ու ոգեշնչող պատմություն ունի, իսկ հարուստ խոհարարական ժառանգությունն օգնում է շատ բան հասկանալ:
«Հայաստանն ու Վրաստանը, այդ երկու արևելաեվրոպական երկրները, նախկին խորհրդային հանրապետությունները, որոնք սահմանակից են Մերձավոր Արևելքին, կզարմացնեն վեհաշուք բնապատկերներով՝ հրաբուխներից մինչև խորը կիրճեր, Կովկասյան լեռների ձյունապատ գագաթներ և գեղատեսիլ գյուղեր»,-ասվում է հոդվածում:
Հադվածագրի ուշադրության կենտրոնում է հայտնվել հայկական խորովածը: «Բարբեքյուն միայն Տեխասի համար չէ: Հայաստանում խորովածը մեծ բիզնես է: Դա հյութալի միս է, հիմնականում խոզի, ածխի վրա պատրաստված, որը հաճախ է մատուցվում հանդիսավոր ընտանեկան հավաքույթների ժամանակ: Վայելեք ավանդական հայկական խորովածը հայկական ռեստորանում՝ համտեսելով այդ ամենաավանդական տեղական ուտեստներից մեկը»,-ասվում է հոդվածում: