Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո կարող է մարզադաշտ վերադառնալ հունվարի 25-ին՝ իր նախկին ակումբի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում, գրում է Evening Standard-ը:
Մխիթարյանը վնասել էր աջ ոտքի կոճը դեկտեմբերին Անգլիական լիգայի գավաթի «Տոտենհեմի» դեմ խաղարկությունում: Նշվում էր, որ լիարժեք վերականգնման համար ֆուտբոլիստին 6 շաբաթ կպահանջվի:
Մխիթարյանը վնասվածքից հետո վերսկսել էր մարզումները մարզասարքերի վրա: Իսկ վերջերս ֆուտբոլիստը վերադարձել է նաև լիարժեք մարզումներին:
«Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպեն Լոնդոնում Անգլիայի գավաթի 1/16 եզրափակչում:
Հունվարի 21-ին իր 30-ամյակը նշած Մխիթարյանը ՄՅՈւ-ից «Արսենալ» է տեղափոխվել 2018-ի հունվարին: