10 հուլիսի 2008 - 15:10 AMT
Սաբինա Ֆրեյզեր. ԵՄ-ն ճանաչում է ե'ւ տարածքային ամբողջականությունը, ե'ւ ազգերի ինքնորոշման իրավունքը
Եվրամիությունը կարող է առավել կարեւոր դեր կատարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնման հարցում: Այդ մասին հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի գծով ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: Նա նշել է, որ ներկայումս ԵԱՀԿ ՄԽ-ում ԵՄ-ն ներկայացնում է Ֆրանսիան, սակայն ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչը կարող էր դիտորդական առաքելություն կատարել, հատկապես կողմերի ուղղակի բանակցությունների ժամանակ: «ԵՄ-ի եւ Եվրահանձնաժողովի հատուկ ներկայացուցչությունը կարող են նաեւ հատուկ նախագծեր մշակել, որոնք ուղղված կլինեն ղարաբաղյան կարգավորման ներսում եւ նրա շուրջ վստահության մթնոլորտի պահպանմանը, ինչպես դա արվեց Վրաստանի հակամարտող գոտիներում: Սակայն քիչ հավանական է, որ ԵՄ-ն սատարի կողմերից որեւէ մեկին»,-ասել է Ֆրեյզերը:

Ֆրեյզերը նշել է նաեւ,. որ ԵՄ անդամ պետությունների համար դժվար է լուրջ դեր ստանձնել հակամարտության կարգավորման գործում, չկա ընդհանուր համաձայնեցված կարծիք այն մասին թե Լեռնային Ղարաբաղը պետք է Ադրբեջանի մի մաս կազմի, թե անկախ պետություն լինի: «Ընդհանուր առմամբ ԵՄ երկրները չեն սիրում անջատողական շարժումներ եւ գերադասում են խուսափել սահմանների փոփոխությունից: ԵՄ անդամ պետությունները ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն դա չի նշանակում, թե նրանք դեմ են ինքնորոշման իրավունքի տրամադրմանը Լեռնային Ղաբաբաղի բնակիչներին եւ նրանց ապագա կարգավիճակի որոշմանը»,-ընդգծել է ՄՃԽ ներկայացուցիչը, հաղորդում է Day.az-ը: