ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում «Մարիոթ Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ Արնե Սորենսոնի հետ քննարկել է ՀՀ-ում ընկերության գործունեության ընլդլայնման հնարավորությունները:
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Փաշինյանը բարձր է գնահատել «Մարիոթ Ինթերնեյշնլի» գործունեությունը Հայաստանում և նշել, որ «Մարիոթ» հյուրանոցը մեծ ժողովրդականություն է վայելում Հայաստանում: Վարչապետը հավելել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է մեր երկրում միջազգային հայտնի հյուրանոցային ցանցի զարգացմամբ ու ընդլայնմամբ:
Արնե Սորենսոնը տեղեկացրել է, որ այժմ քննարկում են Հայաստանում «Մարիոթ Ինթերնեյշնլի» կողմից ներդրումային ծրագրերի իրականացմանն ու արդյունքում նոր հյուրանոցների բացմանն ուղղված հարցեր: Ընկերության նախագահը կարևորել է Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանը միտված կառավարության քայլերը և համոզմունք հայտնել, որ դրանք կնպաստեն ծրագրերի արդյունավետ կյանքի կոչմանը: