24 հունվարի 2019 - 16:48 AMT
ՀՔԾ-ն հաստատում է՝ Պողոսյանի հետ կապվող օֆշորային գործը վերաբացվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը PanARMENIAN.Net-ի հետ զրույցում հաստատեց, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի հետ կապվող՝ Պանամայի օֆշորային սկանդալի գործը վերաբացվել է։

Ավելի վաղ «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը» (ICIJ) գրել է, որ Թավշյա հեղափոխությունից ամիսներ անց ՀՀ նոր կառավարությունը հետաքննություն է սկսել Պողոսյանի հետ կապվող՝ Պանամայի օֆշորային սկանդալի գործով։ Նշվում է, որ ՀՔԾ-ն այժմ հետաքննում է Պողոսյանի՝ օֆշորային երեք ընկերության հետ կապը, ինչպես նաև ստուգում է փողերի հնարավոր լվացման դեպքերը։

2016 թվականին «Հետք» լրատվամիջոցը՝ իր «Պանաման նվաճած հայ գեներալը․ Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները և հաշիվները շվեյցարական բանկերում» հրապարակման մեջ բացահայտել էր այդ ժամանակ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի ընկերությունները Պանամայի օֆշորային գոտում։

Համաձայն գաղտնազերծված փաստաթղթերի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների՝ «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» (Sigtem Real Estates Incorporated), «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ» (Hopkinten Trading Incorporated), «Բանջիո ինվեստ» ԲԸ (BANGIO INVEST S.A.):