Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն որոշում է կայացրել փակել Վենեսուելայի դեսպանատունն ու հյուպատոսությունն ԱՄՆ-ում: Նա այդպես է պատասխանել ԱՄՆ-ին Վենեսուելայի խորհրդարանի ղեկավար, ընդդիմության փաստացի առաջնորդ Խուան Գուաիդոյին Վենեսուելայի ղեկավար ճանաչելու Վաշինգտոնի որոշմանը:
Ըստ Մադուրոյի, ինքը մտադիր չէ հեռանալ Վենեսուելայի նախագահի պաշտոնից: Նա հավելել է նաև, որ երբեք չի հրաժարվի իր հայրենիքի առջև ստանձնած պարտավորություններից, գրում է Gazeta.ru-ն:
Մինչդեռ Վենեսուելայում շարունակվում են զանգվածային բողոքները՝ ինչպես Մադուրոյի կողմնակիցների, այնպես էլ հակառակորդների, ընդ որում վերջիններիս քանակը շարունակ աճում է:
Տեղի Foro Penal իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ 328 մարդ է ձերբակալվել:
Չնայած ծանր տնտեսական վիճակի պատճառով Վենեսուելայում նախկինում ևս զանգվածային բողոքի ցույցեր են եղել, այս անգամ, ըստ Washington Post-ի, զգալի է նաև բանվորական դասի ներկայացուցիչների մեծ քանակը, որոնք նախկինում համարվում էին Մադուրոյի հենարանը:
Որպես երկրի օրինական ղեկավար Գուաիդոյին արդեն ճանաչել են ԱՄՆ-ն, Լատինական Ամերիկայի որոշ երկրներ, Կանադան, Վրաստանը, Ալբանիան: Ցուցացարներին իր աջակցությունն է հայտնել նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Կատարվող իրադարձությունները հակասահմանադրական է համարում Ռուսաստանը: Մադուրոյին աջակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Էրդողանը: