25 հունվարի 2019 - 10:56 AMT
Արցախի ՊԲ-ում հրամանատարական հավաքներ են անցկացվել

Արցախի ՊԲ-ի 2019-ի պատրաստության պլանի համաձայն, բանակի հրամանատարի 1-ին տեղակալ, գնդապետ Սամվել Պողոսյանի ղեկավարությամբ, հունվարի 21-24-ը անցկացվել են հրամանատարական հավաքներ:

Հավաքներին ներգրավվել էին կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերի, ինչպես նաև միավորումների ենթակա զորամասերի գումարտակ և դիվիզիոն օղակի սպայակազմի ներկայացուցիչները: Առաջին դասախոսությունը հավաքի մասնակիցների հետ անցկացրել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը:

Բանակի հրամանատարը ներկաների ուշադրությունը հրավիրել է մարտավարական կարևորագույն այս օղակի սպայակազմի առօրյա գործունեության, մարտի նախապատրաստման ու վարման, համապատասխան փաստաթղթերի մշակման, ստորաբաժանումների ղեկավարման և փոխգործակցության կազմակերպման խնդիրներին:

Հրամանատարական հավաքների ընթացքում, ըստ համապատասխան խմբերի, իրականացվել են դասախոսություններ ու սեմինար-պարապմունքներ ֆիզիկական, կրակային ու մարտավարամասնագիտական պատրաստության առարկաներից, անդրադարձ է կատարվել բարոյահոգեբանական ապահովման խնդիրներին: Հատկապես ուշադրության կենտրոնում էին մարտական հերթապահության և ստորաբաժանումների մարտական պատրաստությանն առնչվող հարցերը:

Հաշվի առնելով նախորդ ուսումնական փուլում նկատված թերացումներն ու բացթողումները՝ հավաքների ղեկավար կազմը լուրջ շեշտադրումներ է կատարել նաև սպայակազմի մասնագիտական որակների բարձրացմանն ու հրամանատարական ունակությունների կատարելագործմանը:

Հավաքների ընթացքում մասնակից սպաները նաև ստուգարքներ են հանձնել կրակային ու ֆիզիկական պատրաստություն, մարտավարություն և մարտի համակողմանի ապահովում առարկաներից, որոնց արդյունքները վեր են լուծվել հավաքների ավարտին: Վերադաս հրամանատարությունը, ի մի բերելով արձանագրված արդյունքները, մասնակից սպայակազմին հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ տվել է անհրաժեշտ ցուցումներ ու հանձնարարականներ, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 24-ին Ստեփանակերտում Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին, որը նվիրված էր 2018-ի արդյունքների ամփոփմանը և 2019-ի անելիքներին, հայտարարել է, որԱրցախի Պաշտպանության բանակը հուսալիորեն իրականացրել է երկրի և ժողովրդի պաշտպանության ու անվտանգության ապահովման իր առաքելությունը, անառիկ է պահել պետության սահմանները, կարևոր ներդրում ունեցել տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման գործում:

Կանգ առնելով 2019-ի անելիքների վրա՝ նախագահը շեշտել է, որ դրանց արդյունավետ լուծման համար պահանջվելու է ամենօրյա քրտնաջան ու համակարգված աշխատանք և համոզմունք հայտնել, որ պաշտպանության բանակը, նրա բոլոր ստորաբաժանումները, ինչպես միշտ, կանեն հնարավորը դրված խնդիրների պատշաճ կատարման ուղղությամբ, հայտնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը: