25 հունվարի 2019 - 13:50 AMT
Լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը 93 տարեկան է

Լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանն, որն առավելապես հայտնի է 1943թ. Թեհրանի կոնֆերանսին 3 գերտերության ղեկավարների անվտանգության ապահովման գործողությամբ, նշում է ծննդյան 93-րդ տարեդարձը:

Գոհար Վարդանյանն օպերտիվ աշխատանք է կատարել ավելի քան 30 տարի, իսկ ընդհանուր աշխատանքային ստաժը 47 տարուց ավելի է: Թոշակի անցնելով` Գոհար Վարդանյանը շարունակում է մեծ աշխատանք կատարել երիտասարդ մասնագետների պատրաստման գործում` փոխանցելով նրանց իր հարուստ փորձը:

ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) շնորհավորել է նրան ծննդյան օրվա կապակցությամբ: «Այս տոնական օրը Գոհար Լևոնովնայի բոլոր գործընկերները, աշխատակիցներն ու հետախուզության վետերանները միանում են մեր շնորհավորանքներին և մաղթում նրան առողջություն, երկար տարիների կյանք, ուրախություն և հիանալի տրամադրություն»,-ասել է ԱՀՇ-ի մամուլի ծառայության ղեկավար Սերգեյ Իվանովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նա նաև պատմել է Գոհար Վարդանյանին նվերներ հանձնելու ձևավորված ավանդույթի մասին, որոնք Ռուսաստանի տարբեր անկյուններում ապրող մարդիկ սեփական ձեռքերով են պատրաստում:

Գոհար Լևոնի Վարդանյանը ծնվել է 1926 թ. հունվարի 25-ին Գյումրիում: 1930-ականներին նա ընտանիքի հետ բնակության է տեղափոխվել Իրան:16 տարեկանում Գոհարը գիտակցաբար ընտրել է Հայրենիքին անմնացորդ նվիրվելու ճանապարհը` դառնալով իր ապագա ամուսնու և զինակից ընկերոջ Գևորգ Վարդանյանի հակաֆաշիստական խմբի անդամ:

Վարդանյանների հետախուզական գործունեության պատմության մեջ առանձնահատուկ է 1943-ը, երբ Թեհրանում կայանալիք կոնֆերանսին պետք էր ապահովել 3 գերտերության ղեկավարների (Իոսիֆ Ստալին, Ֆրանկլին Ռուզվելտ, Ուինսթոն Չերչիլ) անվտանգությունը։ Այդ իրադարձությունները հիմք հանդիսացան հայտնի «Թեհրան-43» ֆիլմի համար:

1951-ին Վարդանյաններին ԽՍՀՄ գործուղեցին, 1956-ին Գոհար Վարդանյանն ավարտեց Երևանի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը: Ուսման տարիներին հաջորդեց հետախույզ Վարդանյանների ամուսնական զույգի բազմամյա աշխատանքն աշխարհի տարբեր երկրներում էքստրեմալ պայմաններում: Գևորգ Վարդանյանի կողքին միշտ եղել է նրա կինը, համախոհն ու գործընկերը՝ Գոհար Վարդանյանը, ով հայրենիքին մատուցած հետախուզական ծառայությունների համար պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ Հետախուզական վերջին գործուղումից Վարդանյանները վերադարձել են 1986-ին։ Մի քանի ամիս անց Գոհար Վարդանյանն անցել է թոշակի, իսկ Գևորգ Վարդանյանն իր ծառայությունը շարունակել է մինչև 1992-ը:

Ընթերցեք նաև. Քողարկված կյանք. Լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանը կդառնար 90 տարեկան