25 հունվարի 2019 - 14:27 AMT
Փաշինյան. ԵՏՄ համաձայնեցված էներգետիկ քաղաքականությանն ուղղված ջանքերը պետք է ակտիվացնել

Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կենտրոնակայան, որտեղ նրան դիմավորել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նիկոլ Փաշինյանը ԵՏՀ-ում հանդես է եկել ելույթով` 2019թ. ԵՏՄ-ում նախագահությունը Ռուսաստանից Հայաստանին անցնելու կապակցությամբ՝ ի թիվս այլ հարցերի նշելով, որ ԵՏՄ համաձայնեցված էներգետիկ քաղաքականությանն ուղղված ջանքերը պետք է ակտիվացնել:

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարներին ուղղված դիմումի հիմնական դրույթները, դրանց հասնելու եղանակները և 2019 թ. Եվրասիական տնտեսական միության մարմիններում առաջնահերթությունների իրականացման նպատակով տարվող աշխատանքների կազմակերպումը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Նա նշել է, որ Հայաստանը կանի ամեն ինչ, որպեսզի պահպանվի ինտեգրման դրական դինամիկան, լուծվեն այն խնդիրները, որոնք կարող են լրացուցիչ խթան հանդիսանալ մեր երկրների տնտեսական աճի համար:

«Ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել ԵՏՄ մի շարք կարևոր և հրատապ խնդիրների լուծման անհրաժեշտությանը:ԵՏՄ առանցքային ինտեգրացիոն ուղղություններից է էներգետիկ ոլորտը` որպես ԵՏՄ տնտեսական ոլորտներում մրցակցության հավասար և ոչ խտրական պայմանների ստեղծման հիմք: Այս համատեքստում անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել նավթի, նավթամթերքի և գազի միասնական շուկաների ձևավորման, ինչպես նաև էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագրերի իրականացման շուրջ:

Անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը, որոնք ուղղված են համաձայնեցված էներգետիկ քաղաքականության իրականացմանը և էներգետիկ ռեսուրսների համար ոչ խտրական հիմքի վրա գնագոյացման զգայուն հարցի լուծմանը, ինչպես նաև դրանց տարանցիկ փոխադրմանը անդամ երկրների տարածքներով, այդ թվում՝ հաշվի առնելով տարանցիկ բաղադրիչները»,-ասել է նա:

Վարչապետը հավելել է, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման ու դիվերսիֆիկացման համար, ինչը խթան կհանդիսանա միության մեջ ապրանքաշրջանառության աճի և ապրանքների արտաքին շուկաներ արտահանման , ինչպես նաև տարանցիկ տրանսպորտային միջանցքների զարգացման համար:

Նշվել է, որ համագործակցության կարևոր ուղղություն է անդամ պետությունների ՏՏ համայնքների ջանքերի համախմբումը՝ տնտեսության բարձր տեխնոլոգիաների ոլորտների ակտիվ զարգացման և միության թվային օրակարգի ամբողջական իրականացման նպատակով: ԵՏՄ «Թվային օրակարգը» պետք է դառնա միության կատարելագործման, դրա արդյունավետության ու գրավչության բարձրացման, վարչարարական, մաքսային և առևտրային խոչընդոտների վերացման հիմնական գործիքներից մեկը

«Կարևոր ենք համարում միության ներսում վստահության մակարդակի ամրապնդումը: Ապրանքների ու բեռների համար ժամանակակից հետագծելիության համակարգերի ներդրումը կստեղծի տեխնիկական հիմք այդպիսի ամրապնդման համար: Կարևոր է, որ այդ համակարգերը լինեն ժամանակակից ու տնտեսող, վերացնեն խոչընդոտները, այլ ոչ թե ստեղծեն դրանք: Հայաստանի համար, որը ոչ մի ընդհանուր սահման չունի ինտեգրացիոն միության հետ, թվային հետագծելիությունը կարող է երաշխիք լինել բոլոր չորս ազատությունների իրականացման համար` չստեղծելով լրացուցիչ խոչընդոտներ:

Մենք նպատակահարմար ենք համարում ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել տնտեսության և առևտրի բնագավառում ԵՏՄ անդամ պետությունների կարգավորումների և կանոնակարգերի ներդաշնակեցման ուղղությամբ, քանի որ վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ բիզնեսի առջև կանգնած խոչընդոտների զգալի մասը միասնական, համակարգված և համաձայնեցված գործունեության կանոնների բացակայության արդյունք է»,-ասել է վարչապետը: :

Նա նշել է նաև, որ կարևոր է շարունակել երրորդ երկրների և միությունների հետ ԵՏՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը: Իրանի և Չինաստանի հետ համապատասխան համաձայնագրերի իրականացումը, և Սինգապուրի, Սերբիայի, Եգիպտոսի, Իսրայելի և Հնդկաստանի հետ բանակցությունների ավարտը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ միության՝ համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրման գործընթացի համար:

«ԵՏՄ ապրանքների արտաքին շուկաներ դուրս բերմանն ուղղված միասնական ջանքերը - տնտեսության բազմաթիվ ոլորտներում միության ինքնապահովման պայմաններում - աստիճանաբար դառնում են մեր տնտեսությունների հավասարակշռված աճի ապահովման հիմնական մարտահրավերներից մեկը: Այդպիսի ջանքերը կօգնեն եվրասիական արտադրողներին համատեղ դուրս գալ արտաքին շուկաներ և կնպաստեն միության ներսում կոոպերատիվ շղթաների առաջացման»,-ասել է նա:

Արդյունավետ համագործակցության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աջակցութան ակնկալիք ունեմ 2019 թ. ՀՀ նախագահության նախաձեռնությունների գործնական իրականացման գործում: Հույս ունեմ, որ մեկ տարի հետո մենք կունենանք ավելի համախմբված և արդյունավետ միություն, որը ծառայում է մեր տնտեսությունների, պետությունների և ժողովուրդների շահերին»,-ասել է վարչապետը։

2019-ի հունվարի 1-ից ՀՀ-ն ստանձնեց ԵՏՄ մարմինների` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահությունը: