25 հունվարի 2019 - 17:01 AMT
Մարուքյանը՝ ԵԽԽՎ 2 հանձնաժողովի անդամ

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշանակվել է ԵԽԽՎ երկու՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության և Մոնիթորինգի հանձնաժողովների անդամ, հայտնում է կուսակցության լրատվական ծառայությունը։

Հունվարի 25-ին ԵԽԽՎ բյուրոն հաստատել է նրա թեկնածությունը որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի հիմնական անդամ:

Թեկնածությունը ներկայացվել է ԵԽԽՎ-ում Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) քաղաքական խմբի կողմից: Հանձնաժողովում Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) կազմից ներկայացված են ընդամենը երեք հիմնական անդամ, իսկ ամբողջ հանձնաժողովը կազմված է քսան հիմնական անդամից, որոնք ներկայացնում են ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերը:

ԵԽԽՎ բյուրոն հաստատեց Էդմոն Մարուքյանի թեկնածությունը նաև որպես Մոնիթորինգի հանձնաժողովի հիմնական անդամ: Թեկնածությունը կրկին ներկայացվել էր ԵԽԽՎ-ում Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) քաղաքական խմբի կողմից: