Երևանի երթևեկությունը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելու նպատակով քաղաքապետարանը Երևանը շրջանցող մի շարք ծրագրեր ու նախագծեր է դիտարկում: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հետ միասին այցելել է քաղաքի մի շարք հատվածներ, որտեղ նախատեսվում է շրջանցիկ ճանապարհներ կառուցել:
Ինչպես հայտնել է քաղաքապետ Հայկ Մարությանը, քաղաքապետարանն Ասիական զարգացման բանկի հետ ակտիվ բանակցություններ է վարում նաև «Հայրենիք» կինոթատրոնի և կրկեսի հարևանությամբ ճանապարհային նոր հանգույցներ կառուցելու նպատակով: Կարևորագույն այս երկու նախագծերը ևս իրենց հերթին հնարավորություն կտան զգալիորեն բեռնաթափել մայրաքաղաքի այդ հատվածների երթևեկությունն ու հնարավորին խուսափել խցանումներից:
Շրջանցիկ ճանապարհի ճանապարհաշինական ծրագիրը, որը ծրագրվում է իրականացնել Երևանում, թղթի վրա է մնացել դեռևս Խորհրդային տարիներից: Մ15 ծրագիրը Արարատի մարզը կկապի Կոտայքի մարզին՝ վարորդներին հնարավորություն տալով չմտնել Երևան՝ շրջանցելով Էրեբունի և Նոր Նորք վարչական շրջանները, հայտնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,
Քննարկվող նախագծերն իրատեսական են և իրագործելի, նկատել է քաղաքապետ Հայկ Մարությանն ու ընդգծել, որ այսօր նախաձեռնվող ծրագրերը ապագայի համար են:
Մայրաքաղաքի եթևեկության բեռնաթափման նպատակով քննարկվող հաջորդ ծրագիրը նախատեսում է Դավթաշենը ուղիղ կապով միացնել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանին՝ միաժամանակ հնարավորություն տալով այցելել Կոտայքի մարզ:
Առաջիկայում ճանապարհաշինական վերոնշյալ նախագծերի մասով կներկայացվեն կոնկրետ գնահատականներ, ինչն էլ հնարավորություն կտա ըստ առաջնահերթության կյանքի կոչել ծրագրերը:
Քննարկվող տարբերակների համաձայն, նոր ճանապարհահատվածները կհամապատասխանեն ժամանակակից չափորոշիչներին, կունենան երթևեկելի մի քանի գոտիներ, կամրջային կառուցվածք: