28 հունվարի 2019 - 12:24 AMT
Բալասանյան. ԼՂ հարցում որևէ մեկին թույլ չի տրվի բանակցել ոչ հայանպաստ հարցերի շուրջ

Արցախի հարցը լուծվելու է համայն հայության և ժողովրդի ուժերով: Այդ մասին Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

«Կարող են միջնորդել, կարող են երաշխավորել, բայց բանակցել ոչ հայանպաստ հարցերի շուրջ, որևէ մեկին թույլ չի տրվելու», - ընդգծել է Բալասանյանը, պատասխանելով հարցին, թե Դավոսում ինչ հարցեր են քննարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է Aysor.am-ը:

«Որևէ մեկն իրավունք չունի, կապ չունի՝ ով է դա ասողը կամ բանակցողը, Արցախի Հանրապետության պետականության, ամրագրված սահմանադրության և մնացած օրենքներով, բանակցել, խոսել», - ասել է Բալասանյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե այսօր կա՞ հնարավորություն Արցախը բանակցային սեղան վերադարձնելու, Բալասանյանն արձագանքել է.«Միանշանակ։ Ժամանակները փոխվել են»։