2 փետրվարի 2019 - 12:39 AMT
ԳԴՀ պաշտոնյա. ՀՀ-ն հետաքրքիր օրինակ է տնտեսական առումով՝ մեծ պատվիրակությամբ գալու ենք

Հայաստանը շատ հետաքրքիր օրինակ է տնտեսական առումով` որպես երկիր, որը միաժամանակ ինտեգրվում է և Եվրոպական միությանը, և Եվրասիական տնտեսական միությանը: Այդ մասին հայտարարել է ԳԴՀ տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության գործադիր տնօրեն Միխաել Հարմսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, որը Գերմանիայում է պաշտոնական այցով:

Նա հավելել է, որ դա բարձրացնում է Հայաստանի ներդրումային գրավչությունը:

Վարչապետը հանդիպում է ունեցել ԳԴՀ տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության և գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Միխաել Հարմսը հանձնաժողովի անունից ողջունել է ՀՀ վարչապետին Գերմանիայում և նշել. «Հայաստանի հետ կապված մեր օրակարգը շատ հավակնոտ է. ապրիլին մենք մեծ տնտեսական պատվիրակությամբ գալու ենք Հայաստան: Այսօր ստորագրելու ենք Մտադրությունների մասին հուշագիր, որը հենց վերաբերում է Հայաստանի առաջնահերթություններից մեկին` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին», հայտնում է կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է գերմանական տնտեսական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումը և ներկայացրել Հայաստանի տնտեսական օրակարգը:

«Մեր առաջիկա օրակարգի կարևոր հատվածը հենց տնտեսությանն է վերաբերում, որովհետև քաղաքական փոփոխությունները տնտեսական փոփոխությունների հնարավորություններ են ստեղծել: Մենք ցանկանում ենք Հայաստանի տնտեսության կառուցվածքում լուրջ փոփոխություններ անել. նախատեսում ենք հանքարդյունաբերության ոլորտում մեր չափանիշները բարձրացնել և տնտեսության կառուցվածքում լոկոմոտիվ դարձնել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաները», - ասել է ՀՀ կառավարության ղեկավարը:

ՀՀ վարչապետը ԳԴՀ տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության և գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանում ներդրումային գրավչություն ունեցող ոլորտները` տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, այլընտրանքային էներգետիկա, ջրամբարաշինություն, սննդի վերամշակում, տեքստիլ և թեթև արդյունաբերություն, գինեգործություն և այլն:

Համագործակցության հնարավորությունների շուրջ մտքերի փոխանակության ամփոփման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել` աշխատանքային քննարկումներ ծավալել և գերմանական տնտեսական պատվիրակության` ապրիլին կայանալիք այցից առաջ ուրվագծել կոնկրետ ուղղություններ և ծրագրեր, որոնց շուրջ արդեն Հայաստանում առարկայական քննարկում կլինի:

Հանդիպման ավարտին ստորագրվել է Մտադրությունների մասին հուշագիր` տեղեկատական տեխնոլոգիաների ոլորտում հայաստանյան և գերմանական բիզնես ասոցիացիաների միջև համագործակցության վերաբերյալ: Այն ստորագրել են Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը և ԳԴՀ տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության գործադիր տնօրեն Միխաել Հարմսը: Հուշագրով նախատեսվում է խորացնել ՏՏ բնագավառում փոխգործակցությունը, սերտացնել ոլորտի ընկերությունների միջև կապերը, իրականացնել համատեղ ծրագրեր: Փաստաթղթի համաձայն` կողմերը կհամագործակցեն նաև Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի շրջանակում:

Հայաստանի վարչապետի երկօրյա պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ավարտվել է: