4 փետրվարի 2019 - 11:43 AMT
Սիդնեյում կաթողիկոսի մասնակցությամբ բացվել է նորակառույց առաջնորդարանը

Փետրվարի 3-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ բացվել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի նորակառույց առաջնորդարանը: Սիդնեյի Սուրբ Հարություն առաջնորդանիստ եկեղեցում մատուցված Սուրբ պատարագի ավարտին Ամենայն Հայոց կաթողիկոսը «Հրաշափառով» ուղղվել է դեպի առաջնորդարանի նորակառույց շենքը, որտեղ իրեն սպասում էին պետական այրեր, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայ Եկեղեցու բարերարներ և բազում այլ հավատավոր հայորդիներ:

Վեհափառ Հայրապետը Հայկազուն սրբազանի և Թեմական խորհրդի ատենապետ տիար Սարգիս Տեր-Պետրոսյանի հետ միասին կատարել է առաջնորդարանի հուշաքարի բացումը և հատել մուտքի ժապավենը` ազդարարելով առաջնորդարանի պաշտոնական բացումը:

Տոնական առիթով Նորին սրբությունն իր օրհնության և գնահատանքի խոսքն է ուղղել ներկաներին. «Նորաշեն, մեծ ու գեղեցիկ այս շենքի կառուցումը մի նոր վկայություն է ավստրալիաբնակ մեր ժողովրդի հավատքի և եկեղեցասիրության և ազգային կյանքի հանդեպ նախանձախնդրության: Այդ ոգին է շենացրել այստեղ հայկական կյանքը: Այդ ոգին միավորել է ձեր ծնողներին ու պապերին եկեղեցիներ կառուցելու, դպրոց ունենալու, ազգային կառույցներ ստեղծելու՝ պահպանելու համար ազգային ինքնությունը և հավատքի կյանքը: Տիրոջ օրհնությամբ նոր Առաջնորդարանը ծառայելու է Ավստրալիայում Հայ եկեղեցու առաքելության արդյունավորմանը, հայ համայնքի զորացմանը, որպես ազգի տուն՝ համախմբելով այս մեծ երկրում ապրող մեր ժողովրդի զավակներին: Բոլորիս տեսիլքն է, որ այս նորաշուք հարկի ներքո հատկապես երիտասարդ հայորդիները առնչվեն իրենց արմատներին և առավել ներգրավվեն հոգևոր և ազգային կյանքում», - նշել է Ամենայն Հայոց հայրապետը:

Ամենայն Հայոց կաթողիկոսը իր գնահատանքն ու օրհնությունն է բերել առաջնորդարանի հիմնական բարերարներ տեր և տիկին Լորիս և Սոնյա Խանջյաններին և իրենց ավանդը առաջնորդարանի կառուցմանը բերած Եկեղեցու նվիրյալ զավակներին: Հայրապետական կոնդակով տեր և տիկին Խանջյաններին շնորհվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանը:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հովվապետական այցով է Ավստրալիայում: Այցն ընթանում է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի և թեմական խորհրդի հրավերով:Նորին սրբությանն ուղեկցում են Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և գավազանակիր Հոգեշնորհ Տեր Անանիա աբեղա Ծատուրյանը: