4 փետրվարի 2019 - 17:58 AMT
Այլընտրանք՝ Վերին Լարսին. Վրաստանն ու ՌԴ-ն համաձայնության են եկել ցամաքային առևտրում ՀՀ-ի համար կարևոր հարցում

Ռուսաստանի Դաշնությունն ու Վրաստանն ավարտին են հասցրել 2011 թվականին կնքված համաձայնագրի կիրարկմանն անհրաժեշտ գործընթացը, որը թույլ կտա առևտրի և ապրանքների փոխադրման համար օգտագործել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքները:

Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Կոմերսանտը»՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

«Մաքսային վարչարարության և առևտրի մշտադիտարկման մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» համաձայնագիրը երկու երկրի միջև կնքվել է 2011 թվականի նոյեմբերի 9-ին Ժնևում:

Լրատվամիջոցը գրում է, որ Հայաստանը նույնպես շահագրգռված է տարանցիկ միջանցքի գործարկմամբ, որը կարող է այլընտրանք դառնալ Վերին Լարսին:

Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել էր, որ հայկական կողմը դիմել էր Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներում միջանցքը գործարկելու խնդրանքով: