5 փետրվարի 2019 - 10:45 AMT
Ալումյան. Քոչարյանը միայն մարտի 1-ի լուսադեմին է իմացել կատարվածի մասին

Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Քոչարյանը 2008 թվականի մարտի 2-ի լուսադեմին է տեղեկացել մարտի 1-ի լույս 2-ի գիշերը կատարված իրադարձությունների մասին:

«Պարոն Քոչարյանին անգամ չի էլ մեղսագրվում, որ ինքն է բանակին նման հրահանգ տվել։ Երբ մարտի 2-ին աշխատանքի է եկել, նոր զեկուցել են, որ այդպիսի բան է տեղի ունեցել։ Պարոն Քոչարյանին պոստ ֆակտում են զեկուցել առավոտվա իրադարձությունների մասին», - նշել է Հայկ Ալումյանը։

Ավելի վաղ Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ Քոչարյանը տեղյակ չի եղել 0038 հույժ գաղտնի հրամանից, որով, ըստ մեղադրող կողմի, ՀՀ զինված ուժերը ներգրավվել են քաղաքական գործընթացներում, և տապալվել է սահմանադրական կարգը:

Քոչարյանի պաշտպանը հայտարարել էր նաև, որ վերջինս տեղյակ չի եղել նաև, որ Մարտի 1-ի գործով մեկ այլ մեղադրյալ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը այդ պաշտոնում նշանակման պահին Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է եղել. ինչը ՀՀ սահմանադրության կոպիտ խախտում է: