5 փետրվարի 2019 - 16:11 AMT
Կատարում ՀՀ դեսպանություն կստեղծվի այդ երկրի աջակցությամբ

Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն կստեղծվի. նստավայրը կդառնա երկրի մայրաքաղաք Դոհան: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 6-ի նիստի օրակարգում:

Դեսպանության պահպանման ծախսը կազմում է $192,584, որից $110,000 - ը առաջիկա 3 տարում կվճարի կատարական կողմը, իսկ $82.584-ը կֆինասնավորվի ՀՀ բյուջեից: Դրանով կվճարվեն դեսպանի և մեկ դիվանագետի աշխատավարձը, դիվանագիտական ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցումները, ինչպես նաև դիվանագետի բնակարանի վարձը:

Կատարական կողմը պատրաստ է տրամադրել նաև ՀՀ դեսպանության համար տարածք և դեսպանի համար կեցավայր, երկու ավտոմեքենա:

Հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվի է առնվել Կատարի հետ Հայաստանի բարեկամական հարաբերությունները, այդ երկրի բարձր կենսամակարդակն ու ներդրումային հնարավորությունները, վերջին շրջանում Հայաստանի և Կատարի միջև աճ արձանագրող առևտրաշրջանառությունը, ինչպես նաև Հայաստան ժամանող զբոսաշրջիկների քանակը:

«Որոշման ընդունումը կնպաստի ոչ միայն Հայաստանի և Կատարի միջև քաղաքացիների գործարար և աշխատանքային գործունեության խրախուսմանը, այլև նոր սկիզբ կհանդիսանա ժողովուրդների հոգևոր և պատմամշակութային արժեքների փոխճանաչման, երկկողմ համագործակցության մի շարք նոր ոլորտների ուրվագծման և զարգացման համար», - ասված է հիմնավորման մեջ: