16 հուլիսի 2008 - 14:44 AMT
Հայաստանի իշխանությունների կողմից սկզբունքային զիջումներ Ղարաբաղի հարցում չեն լինի
Մոտ ապագայում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը չի նշմարում: Այդ մասին, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցերին, Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Միխաիլ Ալեքսանդրովը: Նրա խոսքերով, Հայաստանի իշխանությունների կողմից սկզբունքային զիջումներ Ղարաբաղի հարցում չեն լինի: «Հայ ժողովուրդը պետք է ընտելանա նրան, որ ղարաբաղյան հակամարտությունը դեռ տեւական ժամանակ կմնա այս վիճակում: Աշխարհում այժմ գլոբալ գործընթացներ են գնում, կապված տնտեսական ճգնաժամի հետ, որի հետեւանքով հնարավոր է, որ ԱՄՆ-ն գնա Իրաքից եւ ՆԱՏՕ-ն փլուզվի: Բոլոր այդ փոփոխությունները կհանգեցնեն տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխմանը»,-նշել է ռուս փորձագետը:

Ինչ վերաբերում է բանակցությունների ձեւաչափի փոփոխմանը, այսինքն ԵԱՀԿ Մինսկի խմբի փոխարինմանը, ապա Ալեքսանդրովը կարծում է, որ ոչ ոք, պաշտոնական Բաքվից բացի, չի ցանկանում, որ ձեւաչափը փոխվի: «ԵԱՀԿ ՄԽ-ն ձեւավորված ֆորմատ է: Ասենք, մեկ այլ խումբ լինի կամ հարցի կարգավորումը տեղափոխվի այլ ատյան` դրանից ոչինչ չի փոխվի»,-ընդգծել է նա:

Մ.Ալեքսանդրովը նշել է նաեւ, որ, հավանաբար, Իլհամ Ալիեւը «չափազանց նյարդայնացած էր» Սերժ Սարգսյանի հաղթանակով 2008թ. փետրվարին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում: «Ակնհայտորեն Ալիեւն Արեւմուտքից ինչ-որ ավանսներ էր ստացել, որ եթե ընտրություններում հաղթի Լեւոն Տեր-Պետրոսյանը, ապա ղարաբաղյան հարցը կլուծվի ի օգուտ Ադրբեջանի: Սակայն, ինչպես տեսնում եք, դա տեղի չունեցավ, եւ դա շատ լավ է»,-ասել է Միխաիլ Ալեքսանդրովը: