16 հուլիսի 2008 - 16:58 AMT
Հայաստանի ԱԳՆ ղեկավար. Բաքուն խախտում է սպառազինությունների սահմանափակման միջազգային պայմանագրերը
Վաշինգթոն այցելության շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 15-ին այցելեց ԱՄՆ Կոնգրես, ուր հանդիպեց Ներկայացուցիչների պալատի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ջոզեֆ Նոլենբերգի եւ հանձնախմբի անդամների հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն հայտնելով կոնգրեսականներին իրենց բազմամյա հայանպաստ գործունեության համար, կարեւորեց Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի դերը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում:

Կոնգրեսականները ներկայացրեցին հանձնախմբի աշխատանքները եւ առաջիկա ծրագրերը եւ նշեցին, որ իրենց համարում են հայ ժողովրդի բարեկամ եւ շարունակելու են իրենց գործունեւությունը ի նպաստ հայ ժողովրդրի եւ Հայաստանի:

Անդրադառնալով տարածաշրջանում անվտանգության ապահովմանը, նախարար Նալբանդյանը զրուցակիցների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմատենչ քարոզչությանը, ինչպես նաեւ նշեց, որ Ադրբեջանը ակնհայտորեն խախտում է սպառազինությունների սահմանափակման միջազգային պայմանագրերը, մասնավորապես Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի դրույթները, ինչը անհրաժեշտ ուշադրության չի արժանանում միջազգային հանրության կողմից:

Կոնգրեսականների խնդրանքով, նախարար Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները, Հայաստանի մոտեցումները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի վերաբերյալ, ինչպես նաեւ Հայաստանում ժողովրդավարական բերափոոումների ընթացքը: