7 փետրվարի 2019 - 16:48 AMT
Արամ Ա-ն շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ապրիլի 24-ը Ֆրանսիայում «Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օր» հայտարարելու որոշման համար:

Արամ Առաջինը կարևորել է Մակրոնի այդ որոշումը նրան հղած շնորհակալական նամակում, հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքում։

«Մենք խորապես հավատում ենք, որ այս որոշումը արդարության, պատմական անհերքելի իրողության և 20-րդ դարի առաջին Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությանը Ձեր ունեցած ամուր կապվածության պերճախոս արտահայտությունն է»,-ասվում է նամակում։

Վեհափառ Հայրապետն իր նամակը եզրափակում է՝ հայտնելով, որ նախագահի այս որոշումը շոշափելի արտայայտությունն է այն բարեկամական կապերի, որոնք միավորում են ֆրանսիացի և հայ ժողովուրդներին:

Ապրիլի 24-ը Ֆրանսիայում կնշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:«Ֆրանսիան առաջին հերթին այն երկիրն է, որը գիտի, թե ինչպես առերեսվել պատմությանը», - ասել է Մակրոնը՝ հիշեցնելով, որ Ֆրանսիան առաջիններից մեկը դատապարտեց 1915թ. հայ ժողովրդի ցեղասպանությունը: