7 փետրվարի 2019 - 17:14 AMT
ԱԳ նախարար. ՀՀ-ն և Էստոնիան ՏՏ ոլորտում նույն տեսլականն ունեն

Բարձր տեխնոլոգիաները, սմարթ զարգացումը և թվային ոլորտը հանդիսանում են ՀՀ կառավարության զարգացման օրակարգի գերակա ուղղությունները: Այդ մասին հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Տալլինում, Էստոնիայի ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը և Էստոնիան այս ոլորտում կիսում են նույն տեսլականը և հանձնառությունը, որը համագործակցության լավ հեռանկարներ է բացում:

Փետրվարի 7-ին պաշտոնական այցելությամբ Տալլին ժամանած ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է e-Estonia ցուցասրահ, որտեղ ծանոթացել է Էստոնիայի էլեկտրոնային կառավարման ձեռքբերումներին և մատուցվող ծառայություններին:

Այնուհետև նախարար Մնացականյանը, կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և ԷԿԵՆԳ-ի ներկայացուցիչների հետ հանդիպել է Էստոնիայի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերությունների՝ Software OÜ, Levira, Votemo, Proekspert AS ներկայացուցիչների հետ, ծանոթացել վերջիններիս ծառայություններին և ոլորտում արձանագրված նոր հաջողություններին, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: