8 փետրվարի 2019 - 14:07 AMT
ՀՀ-ում 12 նախարարություն կլինի․ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը կզբաղվի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վերջնականորեն ավարտվել են ՀՀ կառավարության կառուցվածքի քննարկումները:

ՀՀ-ում կլինի 12 նախարարություն:

Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում և վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններով նախարարությունների թիվը 17-ից կրճատվում է 12-ի: Դրանք են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, առողջապահության նախարարությունը, արդարադատության նախարարությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը, արտաքին գործերի նախարարությունը, բնապահպանության նախարարությունը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, պաշտպանության նախարարությունը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարությունը, տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարությունը, ֆինանսների նախարարությունը:

Նոր կառավարության կազմում երկու փոխվարչապետ է: Կրճատվել է առաջին փոխվարչապետի պաշտոնը: