8 փետրվարի 2019 - 17:27 AMT
Տոնոյանն ու Շոյգուն քննարկել են ՀՀ ԶՈւ-ն ճշգրիտ զինատեսակներով համալրելու հարցը

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 8-ին հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում ՀՀ և ՌԴ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ռազմական և ռազմատեխնիկական գործակցության հարցերի լայն շրջանակ, այդ թվում` ՀՀ զինված ուժերի կանխարգելիչ գերակայությունն ապահովող նորագույն և ճշգրիտ զինատեսակներով համալրելու հետ կապված հարցեր:

Քննարկվել են նաև մարտական պատրաստության մակարդակի բաձրացմանն ուղղված համատեղ պլանները: Ընդգծելով, որ հայ-ռուսական երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է, կողմերը համոզմունք են հայտնել, որ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները կշարունակեն զարգանալ:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին Սիրիային հումանիտար աջակցությանը մասնակցելու համար: Այդ մասին նա ասել է Մոսկվայում կայացած հանդիպմանը: