ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան. Եվրամիության իր նախագահության համար Ֆրանսիան նախանշում է չորս գերակայություն
Եվրամիության իր նախագահության համար Ֆրանսիան նախանշում է չորս գերակայություն: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը: Ըստ նրա, նախ էներգետիկային եւ կլիմային վերաբերող հարցեր, որոնք հարկ է միավորել եվրոպական էներգետիկ քաղաքականությանը: Ֆրանսիական նախագահությունը ցանկանում է, որ 2008-ի վերջին ձեռք բերվի «Կլիմա/էներգետիկա» փաթեթի վերաբերյալ համաձայնագիր, 2009-ին Կոպենհագենի համաժողովի հեռանկարում կլիմայական հարցերին նվիրված միջազգային բանակցություններում Եվրամիության շարժիչ ուժն ամրապնդելու նպատակով: Սրանից զատ, Ֆրանսիական նախագահությունը միաժամանակ հանդես կգա Եվրամիության անդամ երկրներին եւ արտաքին գործընկերներին, մասնավորապես Ռուսաստանին առնչվող էներգետիկ անվտանգության առաջարկություններով:
- Երկրորդը` իմիգրացիա: Ֆրանսիան միջազգային էմիգրացիոն հոսքերի առաջին կետն է աշխարհում: Ֆրանսիան գիտակցում է, Եվրամիության անդամ երկրների ապաստարան տրամադրելու, ընդունելու եւ ինտեգրման քաղաքականությունն ուժեղացնելու, ապօրինի ներգաղթի դեմ պայքարի եւ համատեղ զարգացմանն ուղղված գործողությունները համապատասխանեցնելու անհրաժեշտությունը: Իր եվրոպական գործընկերներին Ֆրանսիան կառաջարկի իմիգրացիայի եւ ապաստարան տրամադրելու մասին եվրոպական դաշնագիր, որը կներկայացվի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հաստատմանը Եվրոպական խորհրդի հոկտեմբերին նախատեսված հավաքի ժամանակ: Խոսքը վերաբերում է ընդհանուր միգրացիոն քաղաքականության առաջընթացին նոր թափ տալուն:
Դեսպանի խոսքերով, գյուղատնտեսական ընդհանուր քաղաքականություն- Գլոբալիզացիան տեղիք է տալիս մտածելու այս ոլորտի ընդհանուր քաղաքականության մասին` ուղղված Եվրոպական գյուղատնտեսության ապագայի վերաբերյալ որոշ ընդհանուր սկզբունքներ մշակելուն. պարենային անկախություն, պարենային անհավասարակշռությունների շտկում աշխարհում, կայուն զարգացում, տարածքների հավասարակշռված բնապահպանություն, պարենամթերքի որակ - անվտանգություն:
«Անվտնգություն եւ պաշտպանություն - Ֆրանսիան փաստում է, որ չնայած անվտանգության եւ պաշտպանության եվրոպական քաղաքականության հաստատուն առաջընթացին, Եվրոպան դեռեւս չունի աշխարհում այս ոլորտի գլոբալ մասնակից լինելու միջոցներ: Նա ցանկանում է, որ անվտանգության եւ պաշտպանության եվրոպական քաղաքականությունն իրականացվի ՆԱՏՕ- ի հետ փոխլրացյալությամբ, քանի որ ճգնաժամերի բազմապատկմամբ աշխարհում օպերատիվ կարողությունների ուժեղացումը դառնում է օրախնդիր:
Նշածս գերակայությունները չեն բացառում հատուկ ուշադրության արժանի միջազգային մի շարք հարցեր, ինչպիսիք են Միջերկրական ծովամերձ երկրների միությունը, Բալկաններին առնչվող խնդիրները, իրավիճակը Արեւելյան Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում, Ասիայում, Օվկիանիայում:
Ինչ վերաբերում է Լիսաբոնի համաձայնագրին, ապա հանրաքվեի տապալումը Իռլանդիայում ի հայտ բերեց Եվրոպայի ապագայի համար լուծում որոնելու կարեւորությունը: Այս իմաստով, շեշտը պետք է դրվի եվրամիության քաղաքացիների համար հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում կոնկրետ արդյունքներ ստանալու վրա»,- ամփոփել է նա:
Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ