11 փետրվարի 2019 - 11:03 AMT
Արփինե Հովհաննիսյանը կասեցրել է ՀՀԿ-ին անդամակցությունը

ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը կասեցրել է իր անդամակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:

«Որոշել եմ այս փուլում կասեցնել իմ անդամակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Կուսակցական գործընկերներիս հաջողություն եմ մաղթում առաջիկա շրջափուլերում», - գրել է նա:

Հովհաննիսյանը հայտնել է նաև, որ հիմնադրել է հասարակական կազմակերպություն, որի նպատակն է լինելու «վերահսկել երկրում տեղի ունեցող գործընթացները, վերհանել խնդիրները, բայց դրա հետ միասին առաջարկել լուծումները»։

Հովհաննիսյանը 2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ Եղել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, Ազգային ժողովի էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ։