12 փետրվարի 2019 - 10:32 AMT
Փաշինյան. Պետք է Արցախի քաղհասարակությանը ներգրավել վստահության կառուցման գործում

Հայաստանը հավատարիմ է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Արցախի, մասնավորապես քաղաքացիական հասարակության ներգրավումը վստահության կառուցման միջոցառումներում: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ այն կնպաստի կառուցողական մթնոլորտի ձևավորմանը բանակցային գործընթացում:

Վարչապետը կարևորել է Եվրոպական միության հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու կառուցողական երկխոսությունը բոլոր ոլորտներում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԵՄ անդամ երկրների կողմից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորինս սեղմ ժամկետներում վավերացման անհրաժեշությունը և համոզմունք հայտնել, որ այն հնարավորություն կտա նոր թափ հաղորդել փոխգործակցությանն ու կնպաստի ՀՀ-ում տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը:

Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հաստատակամ է ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ամրապնդման, արդար դատական համակարգի կայացման ուղղություններով համակարգային բարեփոխումների իրականացման գործում և այդ նպատակով կարևորում է ՀՀ-ԵՄ համաձայնագրով նախատեսված օժանդակությունն ու համապատասխան ծրագրերի արդյունավետ իրականացումը:

Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ է նշել, որ արդեն իսկ եվրոպական կողմին է տրամադրվել համաձայնագրի՝ ժամանակավորապես ուժի մեջ մտած դրույթների կիրարկման ճանապարհային քարտեզը, որը նախատեսվում է քննարկել նաև առաջիկայում՝ ԵՄ գործըկներների հետ նախատեսված հանդիպումների ընթացքում:

Տոյվո Կլաարն ընդգծել է, որ ԵՄ-ն ևս մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը և համոզմունք հայտնել, որ երկկողմ փոխգործակցությունը կշարունակի ընդլայնվել նաև համաձայնագրի ժամանակավոր կիրարկմամբ՝ վերը նշված ճանապարհային քարտեզով նախատեսվող միջոցառումների իրականացմամբ:

Նիկոլ Փաշինյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային այլ խնդիրների շուրջ:

ՀՀ կառավարությունը մշակել է գործադիրի 5-ամյա ծրագիրը, որում նշվում է՝ Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ղարաբաղյան հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ, ինչի հիմքում պետք է ընկած լինեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը», - նշված է ծարգրում։

Նշվում է, որ բանակցությունների արդյունավետության համար էական նշանակություն ունի խաղաղությանը նպաստող մթնոլորտի առկայությունը՝ ներառյալ վստահության և անվտանգության միջոցների ամրապնդումը, հակամարտության սրման ռիսկերի նվազեցումը, ագրեսիվ հռետորաբանության բացառումը։