13 փետրվարի 2019 - 16:21 AMT
Ամերիա ՓԲԸ-ն՝ ՀՀ-ում Ձեռնարկատիրության հետազոտությունների գլոբալ ասոցիացիայի բացառիկ գործընկեր

2019-իցԱմերիա ՓԲԸ-ն դարձել է Ձեռնարկատիրության հետազոտությունների գլոբալ ասոցիացիայի (GERA) բացառիկ գործընկերը Հայաստանում: Սա նշանակում է, որ ընթացիկ տարում Հայաստանում ձեռնարկատիրության ոլորտի խորքային և համապարփակ հետազոտություններ կիրականացվեն Global Entrepreneurship Monitor (այսուհետ՝ GEM) զեկույցի համար:

Հայաստանի ձեռնարկատիրության ոլորտի ցուցանիշների ներկայացումից բացի, զեկույցում կներկայացվի նաև ՀՀ համար Ազգային զեկույց, որն առավել հանգամանալից վերլուծություն է նախատեսում ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ:

GEM-ը բարձր հեղինակություն վայելող ամենամյա հետազոտություն է, որն իրականացվում է արդեն 19-րդ տարին անընդմեջ: Այն ձեռներեցության և գործարարության համապարփակ ցուցանիշների վստահելի աղբյուր է երկրներում տնտեսական քաղաքականություն մշակողների, ինչպես նաև այնպիսի միջազգային կազմակերպությունների համար, ինչպիսիք են, օրինակ, ՄԱԿ-ը, Համաշխարհային տնտեսական ֆորումը, Համաշխարհային բանկըև Տնտեսական համագործակցությանև զարգացման կազմակերպությունը (OECD):

Ներկայումս GEM-ի հետազոտություններում ներգրավված է աշխարհի ավելի քան 100 երկիր, այդ թվում՝ Գերմանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Իռլանդիան,Կանադան, ԱՄՆ-ն, իսկ տարածաշրջանից՝ Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան և Վրաստանը:

GEM հետազոտությունը և համապատասխան զեկույցները հնարավորություն են տալիս քաղաքականության մշակողներերին և այլ շահագրգիռ կողմերին առավել հանգամանալից պատկեր ստանալ տվյալ երկրներում ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսվարողների առանձնահատկությունների վերաբերյալ, համեմատել այն այլ երկրներում ձեռներեցության ոլորտի զարգացումների հետ: Դա ոլորտի զարգացման համար առավել արդյունավետ և հիմնավորված միջոցառումների իրականացման նախապայմաններից է:

Ամերիան առաջիկա 5 տարում Հայաստանում GERA-ի բացառիկ գործընկերը կլինի:

«Ամերիա» ընկերությունների խմբի անդամ «Ամերիա» ՓԲԸ-ն Հայաստանում խորհրդատվական առաջատար կազմակերպություն է, իրականացնում է լայնածավալ աշխատանքներ կորպորատիվ վերակազմավորման, միաձուլումների և ձեռքբերումների, իրավաբանական խորհրդատվության, ուղղակի և պորտֆելային ներդրումների, կորպորատիվ կառավարչական խորհրդատվության, պետական կառավարման ու բարեփոխումների և այլ ոլորտներում: «Ամերիա» ՓԲԸ մաս կազմող կառավարման խորհրդատվական ծառայությունը մասնագիտացված է ռազմավարության, գործառնական, մարքեթինգի, կորպորատիվ ֆինանսների, մարդկայինռեսուրսների կառավարման, հետազոտությունների և հանրային հատվածի խորհրդատվության ոլորտներում :