13 փետրվարի 2019 - 18:01 AMT
Պատգամավորը սահմանել է տնտեսական հեղափոխությունը. Աճի հիմքում ոչ թե կապիտալն է, այլ մարդու ստեղծարար ուժը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ սահմանել է տնտեսական հեղափոխությունը:

«Մենք պետք է հստակ սահմանենք, թե ինչ է տնտեսական հեղափոխությունը, քանի որ այստեղ ընկալման տարբերություններ կան. հնարավոր է մենք ընկալենք այն որպես մի իրավիճակ, երբ մեր երկրում օրինակ ավելի շատ արտաքին ներդրումներ են արվում, կամ մեր երկրում ՀՆԱ-ն կրնկանապատկվում է, բայց եթե մենք խոսում ենք հեղափոխությունից, դա նշանակում է, որ դրա տակ կա մի փիլիսոփայություն», - ասել է պատգամավորը:

Ըստ պատգամավորի՝ ինչպես քաղաքական հեղափոխոթյան, այպես էլ տնտեսական հեղափոխության ժամանակ մարդն է ամենակարևոր արժեքն ու ամբողջ գործընթացի հիմական դերակատարը:

«Մենք բացառիկ հնարավորություն ունենք մարդկային ստեղծարար ուժը դարձնել տնտեսական աճի հիմնական գործոն, այսինքն մենք հստակ հայտարարում ենք, որ ՀՀ-ում ոչ թե կապիտալը, այլ մարդու ստեղծարար ուժն է շարժիչ ուժը, ահա սա է հեղափոխությունը», - ասել է պատգամավորը՝ հավելելով, որ եթե ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն ուզում են նոր ճանապարհներ ցույց տալ իշխանությանը, ապա պետք է ցույց տան մեր երկրում ավելի լավ աշխատելու, ավելի շատ ստեղծագործելու ճանապարհները:

Անդրադառանլով նախորդ կառավարությունների ծրագրերի հետ տարվող զուգահեռներին, Կարապետյանն ասել է, որ ի տարբերություն նախորդների, այս ծրագրում ասվում է, թե ում համար և ինչպես են արվելու բարեփոխումները:

«Մեզ ասում են տնտեսական զարգացման մոդելը պարզ չէ. պարզ չէ, քանի որ մոդելը կաղապար է, իսկ մենք չենք կարող ստեղծագործ պրոցեսը կաղապարել, երբ մենք խոսում են հեղափոխության մասին: Ինչպես անել, ահա դրա պատասխանը ծրագիրն ամբողջությամբ տալիս է՝ ազատ դաշտ ստեղծելով, կոռուպցիայից զերծ հանրություն ստեղծելով», - ասել է պատգամավորը: