14 փետրվարի 2019 - 11:49 AMT
Որոշ ավտոբուսների վարորդներ դուրս չեն եկել երթուղի՝ վախենալով կրճատումներից

Փետրվարի 14-ի առավոտյան Երևանի ավտոբուսային որոշ երթուղիների վարորդներ հրաժարվել են աշխատել և գործադուլ են հայտարարել: Այդ մասին հայտնի է դարձել սոցցանցերում բողոքող տարբեր օգտատերերի գրառումներից, մասնավորապես՝ Ավան և Մասիվ վարչական շրջանների բնակիչների:

Նրանց խոսքով՝ կանգառներում հերթեր են գոյացել, մարդիկ չեն կարողացել հասնել քաղաքի կենտրոն՝ աշխատանքի: Այդ առնչությամբ քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը պարզաբանում է տվել, որի համաձայն վարորդները հրաժարվել են դուրս գալ երթուղի՝ վախենալով աշխատանքային պայմանների փոփոխությունից և հնարավոր կրճատումներից:

«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախօրեին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել ընկերության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Սարգսյանին: Ընկերությունը 19 երթուղի է սպասարկում շուրջ 180 ավտոբուսով», - նշել է Կարապետյանը:

Նրա խոսքով՝ ընկերությունում նախատեսվող փոփոխությունները, մասնավորապես՝ տնօրենի փոփոխությունը, մտավախություն է առաջացրել որոշ վարորդների մոտ, որ դրանց հետևանքով կվատթարանան նրանց աշխատանքային պայմանները:

«Հայկ Մարությանը վստահեցրել է աշխատակիցներին, որ կրճատումներ ու կադրային փոփոխություններ ընկերությունում չեն լինելու, աշխատանքի պայմանները ոչ միայն չեն վատթարանալու, այլև հակառակը՝ սպասվում են բարելավումներ կանոնավոր աշխատաժամանակի և վարձատրության մասով:

Այնուհանդերձ, այսօր առավոտյան (փետրվարի 14-ին) ընկերության մի քանի վարորդներ հրաժարվել են դուրս գալ երթուղի՝ պահանջելով նախկին տնօրենի վերադարձը: Ժամը 09.00-ի դրությամբ , սակայն, երթուղիների կանոնավոր աշխատանքը վերականգնվել է», - նշել է քաղաքապետի խոսնակը: