16 փետրվարի 2019 - 10:48 AMT
Ալբանիայի նախագահը հաջողություն է մաղթել ՀՀ-ին և Ադրբեջանին ԼՂ հարցում

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ալբանիայի նախագահ Իլիր Մետայի հետ՝ ալբանական կողմի նախաձեռնությամբ, հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Զրուցակիցները նշել են, որ երկկողմ հարաբերություններում չիրացված մեծ ներուժ կա և կարևորել են հետևողական աշխատանքը փոխգործակցության զարգացման ուղղությամբ։

Սարգսյանը խոսել է տարածաշրջանային հակամարտությունների, մասնավորապես ղարաբաղյան հիմնախնդրի մասին։

«Որևէ երկրի կողմից ի նպաստ հակամարտության այս կամ այն կողմի հայտարարությունները չեն կարող որևէ կերպ օգնել խնդրի խաղաղ կարգավորմանը։ Գոյություն ունի ձևաչափ, որի շրջնակում տեղի են ունենում բանակցությունները», - ասել է նախագահը։

Ալբանիայի նախագահը նշեկ է, որ երկիրը լավ հարաբերություններ ունի թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ։

«Երկու երկրներին մաղթում ենք հաջողություններ՝ լուծումներ գտնելուայս խնդրում», - ասել է նա։