20 փետրվարի 2019 - 19:15 AMT
Ամերիաբանկը պարգևատրվել է ՀՀ-ում «կանաչ ներդրումների» աջակցության համար

Ամերիաբանկը Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկից (ՎԶԵԲ) մրցանակ է ստացել «Ջերմոցային տնտեսությունում կանաչ ներդրումների աջակցության համար» անվանակարգում:

Բանկի կորպորատիվ վարկավորման բաժնի ղեկավար Վահան Կաջայանը նշել է, որ Բանկն աջակցություն է ցուցաբերել տարբեր ջերմոցային տնտեսությունների, որոնք զբաղվում են ծաղկի, լոլիկի, ելակի աճեցմամբ:

«Մենք ներկայացված ենք գրեթե բոլոր մարզերում: Ջերմոցների թիվը մոտ տասն է, իսկ զբաղեցրած մակերեսը ավելի քան 50 հա է», - նշել է Վահան Կաջայաը՝ հավելելով, որ միջոցներն ուղղվում են ոչ միայն գոյություն ունեցող ջերմոցային տնտեսությունների աջակցությանը, այլ նաև նորերի ստեղծմանը:

Ըստ Կաջայանի՝ վերջերս էներգախնայողությանն ուղղված ծրագրերի համար $12.5 մլն-ի ներգրավման վերաբերյալ պայմանագիր է կնքվել:

Բանկի կորպորատիվ վարկավորման բաժնի ղեկավարը նշել է, որ էներգախնայող տեխոնոլագիաների զարգացման միտումը նկատվում է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում, իսկ տեխնոլոգիաների զարգացումը դրանք մատչելի և հետաքրքիր է դարձնում, հատկապես Հայաստանի համար, որը «ոչ կանաչ» էներգառեսուրսներ չունի: