Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ համաներման որոշման արդյունքում ազատ չեն արձակվել այն անձինք, ովքեր մեկ անգամ արդեն ներվել են կամ ազատվել պայմանական վաղաժամկետ:
«Անշուշտ, համաներումը լավագույն ինստիտուտը չէ, և մենք պատժողական քաղաքականությունից արդեն անցնում ենք վերականգնողական արդարադատության և աստիճանաբար այդ խնդիրները այս ճանապարհով լուծելուն ենք անցնում», - հավելել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը։
Կառավարության պաշտոնյան նաև նկատել է, որ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որի համաձայն՝ քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվող անձը 2 ամիս ստանա նպաստ, որպեսզի այդ ընթացքում գտնի աշխատանք և ստիպված չլինի հանցագործության դիմել։
Այդուհանդերձ, պաշտոնյան ասել է, որ առայժմ չունեն վիճակագրություն, թե համաներման արդյունքում քանի անձ է կրկնահանցագործություն կատարել։ Վիճակագրություն, նրա խոսքով, կարող է լինել միայն օրինական ուժի մեջ մտած վճիռներից հետո։
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ համաներմամբ ազատված դատապարտյալների թիվը հունվարի 21-ի դրությամբ 589 է, որոնցից 30-ը հասցրել է նոր հանցագործություններ կատարել։ Համաներման մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ 2018թ. նոյեմբերի 6-ից մինչև 2019թ. փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում համաներմամբ ազատ արձակված անձանցից 30-ը կրկին կատարել է 53 հանցագործություն: