«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային ծրագրերի համաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ տնտեսական հեղափոխության իրականացումը լինելու է այն նույն տրամաբանությամբ, որով արվել է քաղաքական հեղափոխությունը։
Նիկոլ Փաշինյանը հռչակել է տնտեսական հեղափոխության կարգախոսը, որն ըստ նրա, փոքր-ինչ հումորային ենթատեքստ է ստացել՝ «Հերիք է, ինչքան նստեցինք տեղներս, հիմա վեր կենանք ու քայլենք»։
«Տնտեսական հեղափոխության մեր մեթոդը չի տարբերվում քաղաքական հեղափոխության մեր մեթոդաբանությունից։ Քաղաքական հեղափոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի որոշում կայացրեց, որ ինքը իրենով պիտի փակի այն փողոցները, որոնցով հոսում էր կոռուպցիան, ապօրինությունը։ Տնտեսական հեղափոխության գաղափարախոսությունը հետևյալն է՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր հնարավորությունների չափով պետք է պայմանական փակի բոլոր այն փողոցները, որտեղով հոսում է աղքատությունը, խեղճությունը, ավերը», - ասել է ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տնտեսական հեղափոխության պարամետրերը նոր աշխատատեղերն են, եկամուտների նոր մակարդակը, բարեկեցության նոր մակարդակը։