26 փետրվարի 2019 - 11:34 AMT
Pahest33-ի և Santafe-ի «Ապագա խոհարարներ» ծրագրի շրջանակում 12 երիտասարդ 3 ամիս խոհարարություն կսովորեն

Շեֆ-խոհարարի մասնագիտությունն արդեն հասանելի է բոլորին, քանի որ Pahest33 կոնցեպտային բար-ռեստորանի և Santafe սրճարանի համատեղ՝ «Ապագա խոհարարներ» դասընթացների շարքը սկսվել է։ Այն 12 ակտիվ երիտասարդի 3 ամսվա «ճամփորդություն» է խոստանում: Նրանք Երևանի լավագույն շեֆ-խոհարարներից մեկի՝ Արթուր Եսայանի մենթորությամբ կուսումնասիրեն պրոֆեսիոնալ խոհանոցի առանձնահատկությունները։ Դասընթացներն անվճար են և իրականացվում են Pahest33-ի և Santafe-ի՝ ոլորտի զարգացման առաքելության շրջանակում։

«Հայաստանում սննդի սպասարկման ոլորտը շարունակում է մեծ բաց ունենալ, քանի որ չկան դպրոցներ, ծրագրեր կամ կոմիտեներ, որոնք կկազմակերպեն սննդի սպասարկման ոլորտի ուսուցումը միջազգային չափորոշիչներին համապատասխան։ Մեզ մնում է սեփական ուժերով լրացնել այդ բացը՝ ստեղծելով նման ծրագրեր, որոնք ապագա խոհարարներին բազային պատրաստվածության են բերում»,- ասել է Pahest33 և Santafe-ի շեֆ Արթուր Եսայանը, ով տասնյակ տարիներ ղեկավարել է Հայաստանի և արտերկրի լավագույն ռեստորանների խոհանոցները։

«Ապագա խոհարարներ» դասընթացների շարքին մասնակցելու համար բազմաթիվ դիմողներ են եղել՝ 12-ն ընտրվել են ավելի քան 100 դիմորդից։ Դասընթացին մասնակցելու հնարավորություն են ստացել ինչպես ուս.հաստատություններում կրթություն ստացող ապագա խոհարարները, այնպես էլ նրանք, ովքեր չունեն ոչ տեսական, ոչ պրակտիկ գիտելիք ոլորոտում, բայց փոխարենը ձգտում են փորձել իրենց ուժերը։

«Երբեք չէի պատկերացնի, որ կանաչի մշակելուց մինչև բրինձ եփելու պրոցեսը կարող է այսքան հետաքրքիր ու կլանող լինել: Խոհանոցը արվեստի առանձին ճյուղ է ինձ համար, որովհետև անվերջ բացահայտելու հնարավորություն կա»,-ասել է դասընթացի մասնակիցներից Նարի Ներսիսյանը։

«Մեր նպատակը բոցավառվող աչքերով տաղանդների բացահայտումն է՝ խոհանոցային արվեստի ու առհասարակ սպասարկման ոլորտի հանդեպ նրանց սերը մեծացնելու ձգտմամբ։ Անխոս, դասընթացի ավարտին մասնակիցներից կընտրենք նաև մեր ապագա թիմակիցներին, բայց նպատակը շատ ավելի մեծ է. պատրաստել նոր ու գրագետ կադրեր, կիսվել փորձով, գիտելիքով, ինչը կնպաստի ռեստորանային մշակույթի զարգացմանըՀայաստանում», - նշել է է Santafe Café և Pahest33-ի ՄՌ պատասխանատու Ջուլիետա Ասատրյանը։

Pahest33 կոնցեպտային բար-ռեստորանը և Santafe սրճարանն ընդգրկված են «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում, որը հիմնադրվել է 1999-ին և 20 տարվա ընթացքում կարողացել է դառնալ Հայաստանի ամենապատասխանատու գործատուներից մեկն իր ավելի քան 3000 աշխատակցի համար։ «Գալաքսի» ընկերությունների խումբը գործունեություն է ծավալում առևտրի և սպասարկման, անշարժ գույքի և շինարարության, հեռահաղորդակցություն և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում՝ լինելով Հայաստանի խոշոր հարկատուներից մեկը և միայն նախորդ տարի իրականացնելով ավելի քան $27 մլն-ի հարկային վճարումներ։ Խմբի կառավարման խորհուրդը ղեկավարում են Արամ Խաչատրյանը, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները։