Փետրվարի 25-ին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ:
Նախարար Մնացականյանը ներկայացրել է Դավոսում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի, Փարիզում Ադրբեջանի ԱԳ նախարարի և համանախագահների հետ հանդիպումների, ինչպես նաև վերջերս եռանախագահների՝ Երևան կատարած այցի մանրամասները:
Զրուցակիցները տեսակետներ են փոխանակել ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ:
Գործընկերները բարձր են գնահատել պարբերաբար անցկացվող երկկողմ հանդիպումները և ընդգծել իրենց պատրաստակամությունը՝ խթանելու երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տարբեր ոլորտներում խորհրդակցությունների անցկացումը:
Այս օրերին լրացող Ղարաբաղյան շարժման 31-ամյակի լույսի ներքո զրուցակիցներն անդրադարձել դրա ակունքներին՝ ընդգծելով, որ այն ուղղված էր Արցախի ժողովրդի հիմնարար ազատությունների ու մարդու իրավունքների, իր հայրենիքում ապրելու և ազատ արարելու անբեկանելի իրավունքի պաշտպանությանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Փետրվարի 20-ին Երևանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ընդունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետը ներկայացրել էր հունվարին Դավոսում տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպման մանրամասները:Համանախագահները Երևանում հանդիպել էին նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
Փետրվարի 21-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս անգամ համանախագահները չեն այցելել Ստեփանակերտ: